Գյումրիում բռնություն գործադրելու դեպքով կան 3 ձերբակալվածներ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր հերթին հայտարարել է, որ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը կիսատ է, իսկ միջադեպը` կազմակերպված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Պարզվել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից երեքի ինքնությունը: Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն։
«Նրանցից մեկը Արագածոտնի մարզի՝ 1991թ. ծնված բնակիչ Գոռ Սարգսյանն է, մյուսը՝ Երևան քաղաքի 1999թ. ծնված բնակիչ Տարոն Մանուկյանը, իսկ երրորդը՝ Արարատի մարզի բնակիչ, 1990թ. ծնված Արսեն Մարտոյանն է»,- նշված է հայտարարության մեջ:
Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը ձերբակալվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի կարգով (խուլիգանություն), իսկ Արսեն Մարտոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում է կայացրել վերջինիս ձերբակալելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 8-ին ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։
Իր հերթին «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը, որի ժամանակ երիտասարդները հարվածում են տարեցներին, կիսատ է, իսկ միջադեպը` կազմակերպված։