Գերմանական VNG-ն ռուսական գազի դիմաց վճարելու համար եվրո կփոխանցի Գազպրոմբանկին

Գազատար
Նոր սխեմայի համաձայն` Գազպրոմբանկը արտարժույթով և ռուբլով հատուկ հաշիվներ կբացի արտասահմանյան գնորդների հետ գազի դիմաց հաշվարկների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Գերմանական VNG գազային ընկերությունը գազի մատակարարումների դիմաց վճարելու համար եվրո կփոխանցի Գազպրոմբանկին և ակնկալում է, որ ռուբլու փոխարկելու հետ կապված դժվարություններ չեն առաջանա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք գումարն առաջվա պես կփոխանցենք եվրոյով` մատակարարին ճիշտ ժամանակին վճարումը երաշխավորելու համար։ Կարծում ենք, որ ռուբլու փոխարկելը դժվարություններ չի ներկայացնի։ Համենայն դեպս հաշվի բացումն առանց խնդիրների է անցել»,-ասված է ընկերության հայտարարության մեջ։
Գերմանական VNG-ն չի ասել` երկու հաշիվ է բացել, թե ոչ (և՛ ռուբլով, և՛ եվրոյով):
Ընկերությունից նշել են, որ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պատժամիջոցների օրենսդրությանը համապատասխան, որպեսզի ապահովեն Գերմանիայի տնտեսական կայունությունը և գազի մատակարարումը:
Նավթից մինչև հեռուստաալիքներ․ ԱՄՆ-ն հրապարակել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր խոշոր փաթեթը
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիրը և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Նոր սխեմայի համաձայն` Գազպրոմբանկը արտարժույթով և ռուբլով հատուկ հաշիվներ կբացի արտասահմանյան գնորդների հետ գազի դիմաց հաշվարկների համար: Գնորդը կկարողանա միջոցները առաջին հաշվին փոխանցել «երկնագույն վառելիքի» մատակարարման պայմանագրում նշված արժույթով, բանկը այն կվաճառի մոսկովյան բորսայում, ինչից հետո ռուբլին կփոխանցի գազի գնորդի հաշվին և արդեն դրանից կվճարվի գազի մատակարարին՝ «Գազպրոմին»:
Քանի որ Բուլղարիան ու Լեհաստանը հրաժարվել են այդ սխեմայից, «Գազպրոմը» ապրիլի 27-ից դադարեցրել է այդ երկրների մատակարարումները: Նույն օրը Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ռուսական գազի եվրոպական 10 գնորդներ հաշիվ են բացել Գազպրոմբանկում, իսկ 4-ն արդեն գազի համար վճարել են ռուբլով։ Գործակալությունը նաև նշում էր, որ եվրոպական սպառողների նոր անջատումները հնարավոր են մայիսի երկրորդ կեսին, երբ պետք է կատարվեն հաջորդ վճարումները: