Ֆրանսիայի հրապարակում տղամարդու մահը վրա է հասել սուր թունավորման պատճառով. ոստիկանություն

Ֆրանսիայի հրապարակ
Ոստիկանությունը ներկայացրել է դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրության արդյունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի հրապարակում տղամարդու մահվան պատճառը սուր սրտային անբավարարությունն է, որը վրա է հասել թունավորման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդ, բենզոդիազեպիններին պատկանող միացություններ։ Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` մայիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակում 41-ամյա մի տղամարդ էր մահացել։
Ըստ ականատեսների` նա հրապարակից երթի էր դուրս եկել, բայց ճանապարհին վատ էր զգացել, ընկերոջ հետ վերադարձել վրանների մոտ։
Ֆրանսիայի հրապարակում տղամարդու մահվան պատճառը շտապօգնության ուշանալը չէ. պարզաբանում
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը հայտնել էր, որ քաղաքացին մահացել է մայիսի 5-ին` ժամը 14։00-ի սահմաններում։