ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստի քննարկումներն անցան դռնփակ ձևաչափի։
Նման խնդրանքով դիմեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը սկսել էր ընթերցել գործով ապացույցները, Ալումյանն էլ անմիջապես խնդրեց նիստը դռնփակ անցկացնել, որպեսզի կարողանա համապատասխան միջնորդություն ներկայացնել։
Նիստերի դահլիճից դուրս եկան բոլոր կողմնակի անձինք։
Նիստի սկզբում դատավորը տեղեկացրեց, որ ստացվել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի՝ ՀՀ-ից բացակայությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդություն։ Բացի այդ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց նախաքննության ընթացքում քննիչ Հրաչյա Մուշեղյանի հավաքագրված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին։
Նախագահի մյուս պաշտպան Հայկ Ալումյանն էլ ներկայացրեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն, որը դատավորը առաջնության կարգով պատրաստվում էր քննել։ Մեղադրող կողմն առարկեց` նշելով, որ պաշտպանները «անհարկի փորձում են ձգձգել դատական պրոցեսը և խոչընդոտել ապացույցների հետազոտումը»։
Նշենք, որ նիստի սկզբում նաև Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը մի քանի միջնորդություն ներկայացրեց։ Դրանցից մեկն իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանն էր վերաբերում։
«Ներկայացնում ենք ևս մեկ միջնորդություն, որպեսզի թույլ տաք պարոն Գևորգյանին մեկնել գործուղման, և այդ հարցը պետք է այսօր քննարկվի, քանի որ մյուս շաբաթ այս հարցի քննարկումը տեղափոխելու դեպքում կվտանգվի իմ պաշտպանյալի գործուղման հարցը»,– ասաց Սահակյանը։
Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն էլ անմիջապես խոսելու իրավունքը տվեց դատախազ Պետրոս Պետրոսյանին։ Այդ պահին Գևորգյանի պաշտպանը 5 րոպե ընդմիջում խնդրեց` խորհրդակցության համար, սակայն դատախազներն անմիջապես դեմ արտահայտվեցին։ Սահակյանը հիշեցրեց` խոսքը իր պաշտպանյալի` ԵԽԽՎ պատգամավորի անձեռնմխելիության մասին է։ Դատավորը հրաժարվեց 5 րոպե ընդմիջում տրամադրել` հայտարարելով, որ նրանք կարող են տեղում, ցածր խորհրդակցել։
Միջամտեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը` ասելով, որ ինքը չի կարող շարունակել ու չի պատրաստվում բացատրել, թե ինչու։
«Ոչինչ չէր լինի, եթե 5 րոպե ընդմիջում տրվեր, իսկ ես չեմ ասի, թե ինչու, բայց չեմ կարող շարունակել դատական նիստը։ Ուղղակի այդպիսի անհրաժեշտություն կա»,– նշեց Ալումյանը։
Նրա խոսքից հետո բոլոր փաստաբանները` Լուսինե Սահակյանը, Հովհաննես Խուդոյանը և Հայկ Ալումյանը, լքեցին նիստերի դահլիճը։
Ռոբերտ Քոչարյանն էլ, դիմելով դատարանին, ընդգծեց, որ Դանիբեկյանն անիմաստ լարվածություն է ստեղծում։ Մի քանի րոպե անց փաստաբանները վերադարձան դահլիճ։
Գևորգյանը, դիմելով դատարանին, ցանկացավ պարզել, թե երբ է քննարկվելու իր` որպես ԵԽԽՎ պատգամավորի անձեռնմխելիության մասին հարցը, իսկ Դանիբեկյանը թույլ չտվեց վերջինիս հայտարարություն անել։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, սակայն դատավոր Դանիբեկյանն առանց քննության թողեց միջնորդությունը` պարզաբանելով որպես ոչ ժամանակին ներկայացված միջնորդություն։