«Ադրբեջանի արտգործնախարարն ասել է այն, ինչ ասում է Նիկոլը». Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյան
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանն արձագանքեց Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը իրազեկման երթի ժամանակ պատասխանեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Հայաստանում բողոքի և անհնազանդության ակցիաներին, հանրահավաքներին մասնակցում է 5-6 հազար մարդ։
Բայրամովը մեղադրել է հայկական ընդդիմությանը, թե նրանք երկիրն անդունդ են տանում, ու շեշտել է, թե գրեթե 30 տարի կեղծ խոստումներ են տվել հայ ժողովրդին։

«Ադրբեջանի արտգործնախարարն ասել է այն, ինչ ասում են Նիկոլը, Քոչարյան Անդոն, Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը և ՔՊ-ական այլ պատգամավորներ։ Բայրամովը հայտարարել է նաև, որ ԼՂ հարցը փակված է, և Արցախի անվտանգության համար պայքարելը կեղծ օրակարգ է։ Ինձ թվում է, որ թուրքերի ու ՔՊ-ի տեքստերը նույն տեղում են գրվում։ Այս օրերին մենք և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանի ներքին թուրքերին ապացուցել ենք, որ տեր ենք մեր հայրենիքին»,- նշեց Սաղաթելյանը։

Նա վերահաստատեց` ներկայիս իշխանությունը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի։ Սաղաթելյանի խոսքով` իրենց պայքարը հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայրենիքի և հանուն վաղվա ապագայի է։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նույնպես անդրադարձավ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը։
«Եթե Բաքվի և Բայրամովի անունները չլսեի, կմտածեի` Հայաստանի ներկայիս իշխանություններն են նման բաներ ասել։ Մենք մշտապես ասում ենք, որ միակողմանի զիջումների չենք գնալու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը չենք թողնի, որ խախտվի, չենք թողնի, որ Արցախի ժողովուրդն էլ վտանգված լինի, Արցախն էլ Ադրբեջանի կազմում լինի։ Պարզ է, որ Բաքուն նման բաներ կասեր, նույնն էլ մեր իշխանություններն են ասում»,- ասաց Վանեցյանը։
Նա ընդգծեց` կասկած չկա, որ հաջողությունը լինելու է Հայաստանինը, Արցախինն ու հայ ժողովրդինը։
Ընդդիմության ակցիաները մեկնարկեցին 4 ուղղություններով
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։