ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Կամավոր ատեստավորման փորձնական փուլի արդյունքում 478 ուսուցիչներ մայիսից կստանան 400 000 դրամ և ավելի աշխատավարձ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
«Վերանայված դրույքաչափով և հավելավճարով ունենք երկու տասնյակից ավել ուսուցիչներ, որ մայիսից հաշված` արդեն կստանան շուրջ 400 000 դրամ և ավել վարձատրություն՝ կախված իրենց դասավանդած ժամերից։ Ունենք ուսուցիչներ, որոնց վարձատրությունը կհասնի 450 000–ի, ամենաբարձր վարձատրությունն այս պահին առանց տարակարգի հաշվի առնման` կկազմի շուրջ 533 000 դրամ»,– հայտնել է փոխնախարարը։
Տարակարգ ունեցող ուսուցիչների դեպքում, ըստ նրա, այս թվերին կգումարվի նաև տարակարգի հավելավճարի չափը։
Հիշեցնենք` նախորդ շաբաթ կառավարությունը որոշում էր ընդունել կամավոր ատեստավորում անցած բոլոր ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը 108-125 հազար դրամի փոխարեն 200 հազար դրամ սահմանելու մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ատեստավորման ընթացքում հավաքած միավորներով և տարակարգի սանդղակի կիրառմամբ կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչները կկարողանան 400 000 դրամից ավելի աշխատավարձ ստանալ: