ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Սևանա լճում կորած երկու քաղաքացիների որոնողական աշխատանքներն այսօր` ժամը 07։50-ին վերսկսվել են, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, վեց մոտորանավակ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներին ներգրավված է թվով 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք։ Տեղում իրականացվում է ցամաքային և ջրային հետախուզություն՝ թռչող և լողացող սարքերի օգնությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
Մայիսի 6-9-ն իրականացվել են որոնողական աշխատանքներ, որին մասնակցել են ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ: