ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ներմուծման փոխարինման էլեկտրոնային բորսան, որը Ռուսաստանում բացվել է «Գազպրոմբանկի» հարթակում, տարածվելու է ԵԱՏՄ երկրներում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Արտակ Քամալյանը։
«Այժմ կարգավորվում է ազգային էլեկտրոնային հարթակների փոխգործակցությունը, որոնք արդեն գոյություն ունեն Ղազախստանում և Բելառուսում, ինչպես նաև դրանց մասնակիցների (գնումների ոլորտում մասնագիտացող բիզնեսի և պետական պատվիրատուների) միջև փոխգործակցությունը»,- ասաց նա:
Քամալյանի խոսքով՝ նախատեսվում է, որ աշխատանքի արդյունքում զգալիորեն կավելանա ԵԱՏՄ պետություններից արդյունաբերական ապրանքների և ծառայությունների ակտիվ մատակարարների թիվը և միության երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալները:
Ընկերությունները կկարողանան բորսայում ներկայացնել իրենց պահանջարկը կամ առաջարկները այն ապրանքների, տեխնոլոգիաների կամ բաղադրիչների վերաբերյալ, որոնք կարող են փոխարինել երրորդ երկրներից մատակարարումներին: Այնուհետև կմնա միայն գտնել միմյանց և պայմանավորվել գործարքների շուրջ:
Հիմա այդ բորսայում ցուցադրվում են հիմնականում ռուսական ընկերությունները, և ԵՏՀ-ն ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ու «Գազպրոմբանկի» հետ համատեղ բանակցում է, որ այդ նախագիծը տարածվի ԵԱՏՄ բոլոր երկրներում։ Միության այլ երկրների ընկերությունները բորսայում կարող են գրանցվել արդեն հիմա, սակայն պետական մարմինների աջակցությամբ մի շարք ընթացակարգային հարցեր (անհրաժեշտ փաստաթղթերի, էլեկտրոնային ստորագրության հետ կապված և այլն) ավելի հեշտ են լուծվում:
«Նախագծին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք իսկապես հանդիսանում են առաջարկվող արտադրանքի արտադրողներ, ոչ թե զբաղվում են ներկրված ապրանքի վերավաճառքով։ Այդ պատճառով ձեռնարկատերերը, ներկայացնելով իրենց մասին տեղեկությունները, պարտադիր պետք է ներկայացնեն ապրանքի ծագման երկիրը հաստատող СТ-1 ձևի հավաստագիր»,-պարզաբանեց ԵՏՀ նախարարը։
Բելառուսում և Ղազախստանում, ինչպես նշեցինք, արդեն գործում են B2B (բիզնեսի համար) ձևաչափով թվային առևտրային հարթակներ: Այժմ ԵՏՀ-ն ցանկանում է կարգավորել «Գազպրոմբանկի» բորսայի և նույնանման ազգային հարթակների միջև տեղեկատվության փոխանակումը:
«Միաժամանակ, հանձնաժողովը պատրաստ է Հայաստանին և Ղրղզստանին աջակցել B2B ձևաչափի ազգային առևտրային հարթակների ստեղծման գործում: Այդ աշխատանքը կարող է իրականացվել մեր տեխնոլոգիական գործընկերների աջակցությամբ»,- հավելեց ԵՏՀ նախարարը:
Քամալյանի ղեկավարած կառույցն առաջիկա ամիսներին նախատեսում է շարունակել Հայաստանի և Եվրասիական միության այլ երկրների բիզնեսի համար ճանաչողական միջոցառումները, որպեսզի նրանց ներկայացնի այդ թվային ծառայությունների գործառույթները: