Որևէ քաղաքական ուժի չեմ հարում. Թաթոյանը պատասխանել է իշխանավորների մեղադրանքներին

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը . Արխիվային լուսանկար
Նա անդրադարձել է վերջին օրերին իշխանության տարբեր շրջանակների կողմից սոցիալական ցանցերով ու կեղծ էջերով իր հասցեին հնչող վիրավորանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը անհրաժեշտության դեպքում հնարավոր է համարում իր` քաղաքական գործընթացի մեջ ներգրավումը։ Այս մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Ակտիվ հանրային գործունեությամբ զբաղվում եմ, բայց որևէ քաղաքական ուժի չեմ հարում և չունեմ որևէ այլ առնչություն քաղաքական որևէ ուժի հետ: Երբ անհրաժեշտ համարեմ ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի մեջ, ապա կգործեմ ինքնուրույնաբար ու դրա մասին կհայտարարեմ հստակ: Ընդ որում, կառաջնորդվեմ պետության անվտանգության, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների երաշխավորման, ազգային արժեքների պաշտպանության, հանրային համերաշխության վերականգնման օրակարգով»,– գրել է Թաթոյանը` դիմելով ՀՀ ներկայիս իշխանություններին:
Նա անդրադարձել է նաև վերջին օրերին իշխանության տարբեր շրջանակների կողմից սոցիալական ցանցերով ու կեղծ էջերով իր հասցեին հնչող վիրավորանքներին։ Ընդգծել է, որ երկրի իրական կառավարման և խնդիրներ լուծելու փոխարեն ՀՀ ղեկավարությունը զբաղվում է խառնակչությամբ։
««Ոտքից գլուխ» տապալել եք ձեր առաքելությունը, քանի որ ձեր պաշտոններն ավելի եք գերադասում երկրի շահերից ու անվտանգությունից: «Լեզվին տվող» պետական ու համայնքային տարբեր ծառայողների հիշեցնում եմ, որ դուք պետք է զբաղվեք ձեր իրական առաքելությամբ՝ հայրենիքի պաշտպանությամբ ու պետության անվտանգությամբ, սահմանային բնակավայրերում, գյուղերում ապրող մարդկանց վիճակով, այլ ոչ թե վիրտուալ կոմֆորտի մեջ «Ֆեյսբուքի» էջերով ու լայքեր հավաքելով»,– ասել է Թաթոյանը:
Նախկին ՄԻՊ–ը շեշտել է, որ ՀՀ ներկայիս իշխանության` «Ֆեյսբուքով» երկիր կառավարելու պատճառով, հայ ժողովուրդը կանգնել է աղետի առաջ ու իրական վտանգի տակ է դրվել պետականությունն ու անվտանգությունը։
Մեր իշխանությունների խոսքերը միջազգային ասպարեզում պետք է զրկվեն լեգիտիմությունից. Թաթոյան