Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն

Սա Հայաստանի հավաքականի երկրորդ ոսկե մեդալն էր ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող առաջնության 96 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկամարտի 370 կգ արդյունքով (170 + 200) երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է երիտասարդների աշխարհի չեմպիոն, տեղեկանում ենք ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջից։
«Պոկում վարժությունում Կարապետյանն ամենավերջինն է սկսել պայքարը՝ առաջին մոտեցմամբ պոկելով 160 կգ, երկրորդով՝ 164 կգ, ապա 170 կգ ծանրաձողը և արժանանալով փոքր ոսկե մեդալին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հրում վարժությունում հայ ծանրորդը նախ գլխավերևում պահել է 190 կգ, ապա 195 և 200 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում էլ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել։ Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել մոլդովացի Տուդոր Բրատուն (364 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճել է եգիպտացի Յասեր Ուսամա Հեմդան (359 կգ):
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ ոսկե մեդալն էր ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Հիշեցնենք, որ Հունաստանի Հերակլիոն քաղաքում մայիսի 2-ին էր մեկնարկել ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը։ Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը սկսել է 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 6 հաջող մոտեցումներից հետո հռչակվել չեմպիոն: