Շրի Լանկայի վարչապետը եղբոր առաջարկով հրաժարական է տվել

Նրա լիազորությունների դադարեցման պատճառ է դարձել երկրում քաղաքական տևական ճգնաժամը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Շրի Լանկայի վարչապետ Մահինդա Ռաջապակսան հրաժարական է տվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Daily Mirror-ին։
Ռաջապակսան համապատասխան նամակ է հղել երկրի նախագահին։ Վարչապետի հրաժարականը հաջորդել է այն բանին, երբ նախագահ Գոթաբայա Ռաջապակսան օրեր առաջ հատուկ նիստում խնդրել է նրան հրաժարական տալ՝ որպես երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամի լուծում: Սպասվում է, որ մոտ ժամանակներս երկրի նախագահը խորհրդարան կհրավիրի բոլոր քաղաքական կուսակցություններին՝ ձևավորելու նախարարների բազմակուսակցական կաբինետ:

Շրի Լանկայում ճգնաժամը պայմանավորված է արտարժույթի դեֆիցիտով, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ զբոսաշրջային հոսքը սահմանափակվեց։ Այդ ամենի պատճառով այժմ երկիրը չի կարողանում բավականաչափ վառելիք գնել: Երկրում պարենի և առաջին անհրաժեշտության իրերի, վառելիքի և գազի խիստ պակաս կա։

Տնտեսական ճգնաժամի ֆոնին ընդդիմությունը նախագահից և վարչապետից պահանջել է հրաժարական տալ, սակայն ի պատասխան նրանք ձևավորել են նախարարների ժամանակավոր կոմիտե, որին մաս կազմելուց հրաժարվել է ընդդիմությունը:
Վարչապետ Մահինդա Ռաջապակսան լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին առաջարկել է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ, որպեսզի ստեղծվի նոր վարչակազմ, իսկ նախագահը` Գոթաբայա Ռաջապակսան՝ ավագ եղբորն աշխատանքից հեռացնելով, կուսակցություններին հայտնել է, որ պատրաստ է ստեղծել կուսակցական ժամանակավոր կառավարություն, եթե կուսակցությունները 225 անդամից բաղկացած ժողովում կարողանան ապահովել 113 ձայնի մեծամասնությունը: