Ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական ինքնաթիռներ ու «Բայրաքթար» ԱԹՍ-ներ է խոցել․ ՌԴ ՊՆ

Օդեսայի մարզի շրջանում «Օնիքս» բարձր ճշգրտությամբ հրթիռներով ուկրաինական ուղղաթիռներ են ոչնչացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշեր երկու ուկրաինական կործանիչ, մեկ գրոհիչ ու 15 տարբեր անօդաչու թռչող սարքեր են խոցել: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով խոցել են Ուկրաինայի օդային ուժերի երեք ինքնաթիռ՝ երկու ՄիԳ-29-ը Իվերսկոե ու Նովոդոնեցկի շրջաններում, ինչպես նաև մեկ Սու-25-ը Խարկովի մարզի Պոգոնովկա շրջանում։ Զմեինի կղզու շրջանում ոչնչացվել են ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք, այդ թվում ՝ երկու «Բայրաքթար-ՏԲ2», - ասել է նա։
Իզյում և Սնեժկովկա բնակավայրերի մոտակայքում «Սմերչ» համազարկային հրթիռային կայանքի 3 արկ են որսացել։
Գեներալի խոսքով՝ ՌԴ ավիացիան ոչնչացրել է ուկրաինական զորքերի կենտրոնացման 70 շրջան։
Նա ավելացրել է, որ Օդեսայի մարզի Արցիզ բնակավայրի շրջանում «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրի «Օնիքս» բարձր ճշգրտությամբ հրթիռներով ուկրաինական ուղղաթիռներ են ոչնչացվել լիցաքավորման հարթակներում:
Բացի այդ, օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիան խոցել է անձնակազմի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 52 շրջան, ինչպես նաև ռազմամթերքի պահեստ Գլուխով բնակավայրի շրջանում:
«Հրթիռային զորքերն ու հրետանու ստորաբաժանումները խոցել են կառավարման ութ կետ, 26 հրետանային ստորաբաժանումներ կրակային դիրքերում, ինչպես նաև կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 211 շրջան։ Հարվածների հետևանքով ոչնչացվել է մինչեւ 350 ազգայնական, շարքից հանվել է 56 միավոր ռազմական տեխնիկա», - նշել է Կոնաշենկովը:
Նա ամփոփել է, որ ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 160 ինքնաթիռ, 118 ուղղաթիռ, 783 անօդաչու թռչող սարք, 299 զենիթային հրթիռային համալիր, 2949 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 342 կայանք, 1423 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 2769 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 75-րդ օրը։