Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահին և վարչապետին

ՀՀ վարչապետը Պուտինին և Միշուստինին ուղղված ուղերձում կարևորել է հայ–ռուսական հարաբերությունների զարգացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Մեծ անցյալի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը և համակողմանիորեն զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների։ Հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
«Այսօր մենք անսահման երախտագիտության զգացումով հիշում ենք բոլոր նրանց, ովքեր վճռական ներդրում են ունեցել խաղաղության հասնելու գործում, պատվում ենք մեր թանկագին վետերաններին և թիկունքի աշխատանքի երախտավորներին։ Նրանց հերոսությունն ու անօրինակ սխրանքը հավերժ կմնան մեր սրտերում»,–ասված է Պուտինին ուղղված ուղերձում։
Փաշինյանը, միաժամանակ, ուղերձ է հղել նաև ՌԴ նախագահ Միխայիլ Միշուստինին, որտեղ ասվում է` հաղթանակի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը և համապարփակ զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մայիսի 9-ի առթիվ ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, ինչպես նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևին:
Հիշեցնենք` այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից:
200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:
Ինչո՞ւ է կարևոր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի մասին հիշողության պահպանումը
Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ մարտիկ: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը:
4 գեներալ, մեկ ավիացիայի մարշալ, մեկ ծովակալ. այս թվերը խոսուն վկայություն են հայերի մեծ ներդրման։