Մեր հաղթանակները դեռ առջևում են. Արցախի պաշտպանության նախարար

Կամո Վարդանյանի համոզմամբ, 44 -օրյա պատերազմի արդյունքում ունեցած ցավալի կորուստները չեն նսեմացնում հայ ժողովրդի վիթխարի ներդրումը Հայրենական Մեծ պատերազմում և 1992 թ.-ին Շուշիում հայ ռազմիկի կերտած փառավոր հաղթանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը մայիսի 9-ի առիթվ ուղերձ է հղել։
«Արդեն երկրորդ տարին է, ինչ Մայիսի 9-ը՝ մեր տոնացույցի պայծառ օրերից մեկը՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի, Շուշիի ազատագրման ու ՊԲ օրը, մենք դիմավորում ենք մթագնված տրամադրությամբ: Պատճառները, անշուշտ, հայտնի են բոլորիս, սակայն ճշմարիտ է նաև, որ 44 -օրյա պատերազմի արդյունքում ունեցած ցավալի կորուստները չեն նսեմացնում հայ ժողովրդի վիթխարի ներդրումը Հայրենական Մեծ պատերազմում և 1992 թ. Մայիսի 9-ին հայկական ոգու, հայ ռազմիկի կերտած փառավոր հաղթանակը Շուշիում»,- նշված է ուղերձում:
Արցախցի գեներալը փաստում է, որ ինչպես Մեծ հայրենականի ծանր օրերին դժվար էր հավատալ, որ խորհրդային բանակը կհասնի Բեռլին, այնպես էլ 1991-ին Արցախում, երբ Ադրբեջանը ձեռնամուխ էր եղել տխրահռչակ «Կոլցո» գործողության իրականացմանը, անհավանական էր թվում Շուշիի ազատագրումը։
«Երկու հաղթանակներն էլ հնարավոր դարձան հավաքական ամուր կամքի, անհրաժեշտ պահին կարևոր նպատակների շուրջ համախմբվելու ունակության, մարտադաշտում ցուցաբերած անձնազոհության ու հերոսության, թիկունքում շուրջօրյա ռեժիմով կատարվող հետևողական, ծանր աշխատանքի շնորհիվ»,- նշում է Վարդանյանը` հավելելով, որ այսօր դարձյալ եկել է այդ նույն որակները դրսևորելու ժամանակը:

«Հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցների հիշատակը հարգելու լավագույն ուղին նրանց երազանքների երկիրը կառուցելն է: Այդ ճանապարհին մենք իրավունք չունենք ընկճվելու կամ հուսահատվելու, թափված արյան որևէ կաթիլն իմաստազրկված չէ, քանի դեռ կա ազատ և անկախ Արցախը: Մենք մնում ենք հաստատակամ և վճռական մեր համազգային նպատակներն ու իղձերն իրականություն դարձնելու հարցում»,- նշում է Արցախի ՊԲ հրամանատարը:

Շնորհավորելով Մեծ հայրենականի վետերաններին ու Շուշիի ազատագրման մասնակիցներին ու զոհվածների ընտանիքներին` Վարդանյանը հաստատում է, որ նրանց կատարածը մեզ պարտավորեցնում է անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնա նրանց և բոլորիս պատկերացրած ապագան:
«Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր էլ կատարում են իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ՝ պաշտպանում են նրա սահմանները: Շնորհավորում եմ բոլորիս: Վստահ եմ, որ մեր հաղթանակները դեռ առջևում են»,- ուղերձն այս լավատեսությամբ է ավարտում Արցախի պաշտպանության նախարարը։
Հիշեցնենք` 1992թ-ի մայիսի 8-ի գիշերը հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ:
2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Այդ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև հայկական հնագույն բերդաքաղաք Շուշին։
«Դեռ կանենք հարսանիք լեռներում». Շուշան Պետրոսյանի` Շուշիին նվիրված նոր երգի տեսահոլովակը
Հիշեցնենք նաև, որ այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։