Մենք ամեն ջանք պետք է գործադրենք` ամրապնդելու մեր երկրի պաշտպանունակությունը. Խաչատուրյան

ՀՀ նախագահն ուղերձում իր խոնարհումն է հայտնել նաև ղարաբաղյան պատերազմի վետերաններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Ապահով և անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է, և մենք ամեն ջանք պետք է գործադրենք` ամրապնդելու մեր երկրի պաշտպանունակությունը: Այս մասին ասվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Մեծ հաղթանակի օրվա առթիվ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«77 տարի առաջ հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների ու առաջադեմ մարդկության հետ միասին հաղթանակ տարավ ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում: Հայերս մեր արժանի ավանդը ներդրեցինք այդ պայքարում: Պատերազմ մեկնած 600 հազար հայորդիներից 300 հազարը չվերադարձան մարտի դաշտից»,- ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

Նա շեշտել է, որ մեր ընդհանուր պարտքն է առհավետ պահել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը, միաժամանակ չմոռանալով վետերաններին:

«Կրկին շնորհավորելով այս նշանակալից օրվա՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով, մենք խոնարհվում ենք Հայրենիքի համար անօրինակ հերոսություն ցուցաբերած մեր հերոսների հիշատակի առջև, առողջություն մաղթում Մեծ հայրենականի և ղարաբաղյան պատերազմի վետերաններին»,- ասվում է նախագահի ուղերձում:

Հիշեցնենք` այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից:
200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:
Ինչո՞ւ է կարևոր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի մասին հիշողության պահպանումը
Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ մարտիկ: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը:
4 գեներալ, մեկ ավիացիայի մարշալ, մեկ ծովակալ. այս թվերը խոսուն վկայություն են հայերի մեծ ներդրման։