ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում ՌԴ-ին և Ուկրաինային հասնել հակամարտության լուծմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը. Արխիվային լուսանկար
Անտոնիո Գուտերեշն ընդգծել է, որ իրենք պատրաստ են աջակցել բանակցություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին դիվանագիտական ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտության դադարեցման հարցում ավելի շուտ հասնեն պայմանավորվածության։ Այս մասին նա հայտարարել է Քիշնևում Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցայի հետ համատեղ ասուլիսում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա պետք է դադարեցվի, զենքը պետք է լռի։ Կոչ եմ անում Ռուսաստանին և Ուկրաինային ավելացնել դիվանագիտական ջանքերը, որպեսզի, որքան հնարավոր է, շուտ համաձայնության հասնեն` միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ Խնդրում եմ տարածաշրջանային և միջազգային գործընկերներին աջակցել այդ գործընթացին»,- հայտարարել է Գուտերեշը։

Նա նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել բանակցություններին։
Պատասխանելով ՆԱՏՕ-ի գործողությունների վերաբերյալ հարցին` Գուտերեշը հայտարարել է, որ նրանք ոչ մի կերպ չեն նսեմացնում ՄԱԿ-ի դերը։
«Դրանք բացարձակ տարբեր կազմակերպություններ են։ ՆԱՏՕ-ն երկրների կամավոր միավորում է՝ հավաքական պաշտպանությունն ապահովելու նպատակով։ ՄԱԿ-ը հարթակ է, որը միավորում է աշխարհի բոլոր երկրները՝ կայուն զարգացման նպատակներից մինչև ամբողջ աշխարհում խաղաղության ու անվտանգության պահպանումը»,- ասել է Գուտերեշը:
Ներկ չեն լցրել. ՌԴ դեսպանը պատմել է Վարշավայում տեղի ունեցած միջադեպի մանրամասները
Նա նշել է, որ ՄԱԿ-ը հարթակ է, որտեղ բոլոր երկրները կարող են տեսակետներ փոխանակել և համագործակցել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 75-րդ օրը։