ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Լեհաստանի ԱԳՆ-ն գիտակցում է իրավիճակի լրջությունը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան` մեկնաբանելով Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի վրա հարձակումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանում Վարշավայի խորհրդային զինվորների գերեզմանատանը ծաղկեպսակ դնելու ժամանակ հարձակվել են ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի վրա և կարմիր հեղուկ լցրել նրա վրա։ Ռուսաստանի ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում, որպեսզի լեհական կողմը ՌԴ դեսպանի վրա հարձակումից հետո համապատասխան միջոցներ ձեռնարկի։ Բացի այդ, Ռուսաստանի ԱԳՆ-ն պահանջել է, որ Վարշավան, լիարժեք անվտանգություն ապահովելով բոլոր տեսակի սադրանքներից, անհապաղ կազմակերպի ծաղկեպսակի խոնարհման արարողությունը:
«Մենք գիտակցում ենք իրավիճակի լրջությունը, հետևում ենք դրան»,-ասել է Յասինան։
Նշենք, որ Անդրեևը Վարշավայի Ժվիրկի և Վիգուրայի փողոցում գտնվող հուշահամալիր-գերեզմանատուն էր գնացել դիվանագետների և իր կնոջ ուղեկցությամբ: Գերեզմանատան տարածքում հավաքված ագրեսիվ լեհերն ու ուկրաինացիները փակել էին նրա ճանապարհը՝ վիրավորական կարգախոսներ գոռալով։ Նրանք կարմիր հեղուկ էին լցրել դեսպանի ու նրան ուղեկցող մարդկանց վրա։ Մի քանի րոպե անց հայտնվել էին ոստիկանները և հետ մղել ամբոխին։ Դեսպանը ուղեկցողների հետ լքել էր հարձակման վայրը:
Ռուսական դիվանագիտական առաքելությունը ծրագրել էր Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրվա առթիվ, ինչպես ամեն տարի, անցկացնել «Անմահ գունդ» ակցիան և ծաղկեպսակներ խոնարհել խորհրդային զինվորների հուշահամալիրին, համապատասխան նամակն ուղարկվել էր Վարշավայի քաղաքապետարան: ՌԴ դեսպանությանը տեղեկացրել էին, որ Լեհաստանի ԱԳՆ-ն նոտա է հղել դիվանագիտական առաքելությանը, որում խորհուրդ է տվել զերծ մնալ պսակներ ու ծաղիկներ դնելու արարողությունից, ինչպես նաև «Անմահ գունդ» ակցիան անցկացնելուց:
ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ կպարզի Լեհաստանում ռուս դիվանագետների վրա հարձակման հանգամանքները, կբացահայտի մասնակիցներին և միջոցներ կձեռնարկի նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար: