ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազի հաղթանակի 77-րդ տարեդարձի շքերթի մեկնարկին ողջունեց շքերթին մասնակցող վետերաններին, որից հետո ներկաները մեկ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը։
Հաղթանակի օրվա նվիրված իր ելույթում ՌԴ նախագահը զուգահեռներ անցկացրեց Հայրենական պատերազմի ու ներկա աշխարհաքաղաքական իրավիճակի միջև։
«Մենք հպարտանում ենք վետերանների անպարտելի սերնդով, նրանով, որ մենք նրանց հետնորդներն ենք, ու մեր պարտքն է պահպանել հիշողությունը նրանց մասին, ովքեր հաղթնակ են տարել նացիզմի նկատմամբ, ովքեր մեզ ավանդել են լինել զգոն ու անել ամեն ինչ, որպեսզի գլոբալ պատերազմի սարսափը չկրկնվի։ Դա է պատճառը, որ չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին, Ռուսաստանը միշտ հանդես է եկել անվտանգության հավասար ու անբաժանելի համակարգի ստեղծման դիրքերից»,- ասաց ՌԴ նախագահը։
Նա հիշեցրեց, որ նման առաջարկով հանդես է եկել անցյալ տարի դեկտեմբերին, բայց ՆԱՏՕ-ի անդամ երկրները, նրա ձևակերպմամբ, չցանկացան լսել, քանի որ իրականում այլ ծրագրեր ունեին։
«Բացահայտ նախապատրաստվում էր հերթական պատժիչ գործողությունը Դոնբասում, հերթական ներխուժումը մեր պատմական հողեր, ներառյալ` Ղրիմը։ Կիևը հայտարարում էր միջուկային զենքի ձեռքբերման հավանականության մասին, ՆԱՏՕ-ն ակտիվորեն յուրացնում էր մեր սահմանակից տարածքները` անընդունելի սպառնալիք ստեղծելով մեզ համար անմիջապես հենց մեր սահմանների մոտ»,- ասաց Պուտինը։
ՌԴ նախագահը զուգահեռներ անցկացրեց 7 տասնամյակ առաջ Մոսկվայի, Լենինգրադի, Կիևի, Մինսկի, Ստալինգրադի, Կուրսկի, Սևաստոպոլի և Խարկովի համար մարտեր մղող զինվորների ու այսօր Դոնբասում Ռուսաստանի անվտանգության համար պայքարողների միջև։
«Վտանգն օրեցօր աճում էր: Ռուսաստանը պարտադրված էր կանխարգելիչ հակահարված տալ ագրեսիային։ Բայց դա ճիշտ ժամանակին ընդունված ու միակ ճիշտ որոշումն էր` ինքնիշխան, ուժեղ և անկախ երկրի որոշումը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։