ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը հեռացել է իր հիմնարար սկզբունքներից, կառույցի արտաքին և ներքին քաղաքականությունը որոշվում է անդամ երկրների կարճաժամկետ շահով և քաղաքականությամբ: Էրդողանի հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի կառավարության կայքում։
«Հիմա համերաշխություն և համագործակցություն է պետք, ինչպես այն ժամանակ, երբ դրվում էին եվրոպական ինտեգրման հիմքերը։ Ուկրաինայի իրադրությունը ողբերգություն է, որը տեղի է ունենում Եվրոպայի կենտրոնում ողջ աշխարհի աչքի առաջ, որը նաև նախազգուշացում է ԵՄ-ի համար»,- ասված է հայտարարության մեջ:
Էրդողանը կուտակված խնդիրները լուծելու համար առաջարկում է մի կողմ դնել տարաձայնությունները և նոր պատմություն գրել, որի անհրաժեշտությունն առաջացել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 75-րդ օրը։