ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքին հաջորդեց իրազեկման երթը։
Հանրահավաքի անդամները «Միություն», պայքար, հաղթանակ» վանկարկելուց հետո շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղից անցնելու են Պռոշյան փողոցով, ապա վերադառնան Ֆրանսիայի հրապարակ։
«Երթից հետո կվերադառնանք այս հրապարակ ու միասին կխոսենք վաղվա անելիքների մասին։ Քայլերթը նպատակ ունի` մեր պայքարի բաղկացուցիչ մասն է, մենք չպետք է նահանջենք ու հոգնենք»,- ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց մինչև վերջ ու պինդ կանգնել և վստահեցրեց` հեռացնելու են ՀՀ գործող իշխանություններին։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։