ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում երդվեցին, որ Արցախը չեն զիջելու։
Պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը` Ատոմ Ռոստոմյանը, հնչեցրեց իրենց երդման տեքստը։
«Ժամն է արթնանալու, ժամն է վերելքի և պայքարի։ Մենք, որ մեր նախնիներից ժառանգել ենք հայոց պետականությունը, հայկական Արցախը, հայի արժանապատվությունը, մեր զոհված զավակների շիրիմների առաջ երդվում ենք` Արցախը չենք զիջելու, Հայաստանը հզորանալու է, մնալու ենք հավատարիմ մեր հավատամքին, իսկ ապազգային և անկարող այս իշխանությանը վռնդելու ենք։ Երդվում ենք»,– ասաց Ռոստոմյանը։
Ծնողների կողքին էր նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Նրանք Շառլ Ազնավուրի հրապարակից Եռաբլուր էին հասել քայլերթով։