ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Սիրիայի Արաբական Հանրապետությունը մեր երկրում նոր դեսպան է նշանակել։ Ուշագրավ է, որ Հայաստան գործուղվող դիվանագետն ազգությամբ հայ է՝ Նորա Արիսյան։
Նշենք, որ Նորա Արիսյանը ծնվել է 1967 թվականին Դամասկոսում։ Նա բանասեր է, գրող, թարգմանիչ։ Տարբեր տարիներին հայերեն և արաբերեն դասախոսություններով հանդես է եկել Լիբանանում, Եգիպտոսում, Հորդանանում, Միացյալ Արաբական Էմրություններում, ԱՄՆ-ում և այլուր։
Արիսյանը աշխատել է Սիրիայի Հայաստանի դեսպանությունում որպես մամուլի պատասխանատու և թարգմանիչ, ապա նաև Սիրիայի մշակույթի նախարարությունում՝ որպես թարգմանիչ և խորհրդատու։
Արիսյանը զբաղեցրել է Դամասկոսի Ազգային վարժարանի տնօրենի պաշտոնը, իսկ 2013 թվականից ղեկավարում է Դամասկոսի համալսարանի հայագիտական բաժինը։
Նորա Արիսյանը նաև Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է եղել։ Հավելենք, որ նա միակ սփյուռքահայ կին գրողն է, որը Արաբ գրողների միության անդամ է։
Հիշեցնենք, որ նրանից առաջ Հայաստանում Սիրիայի դիվանագիտական գերատեսչությունը գլխավորում էր Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը: