Կորոնավիրուսի հետևանքները հոսպիտալացվածների 10 տոկոսի մոտ նկատվում են նույնիսկ 1 տարի անց

Ղազախստանի հիվանդանոցներից մեկը. Արխիվային լուսանկար
Հետազոտությունը, որին մասնակցել է 693 մարդ, անցկացվել է 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հուլիս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Կորոնավիրուսով հոսպիտալացվածների մոտ 10% - ը շարունակում է զգալ հիվանդության հետևանքները նույնիսկ հիվանդանոցից դուրս գրվելուց 1 տարի անց: Այս մասին գրում է ճապոնական «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի առողջապահության նախարարության հետազոտության տվյալները։
Այսպես, առավել հաճախակի հանդիպող գանգատը, որը նկատվում է կորոնավիրուսով հիվանդացած և հոսպիտալացված 7,4% - ի մոտ, մկանային թուլությունն է։ Հարցվածների ևս 4,4 տոկոսը բողոքել է շնչառության հետ կապված խնդիրներից, իսկ 3,5 տոկոսը՝ ընդհանուր թուլությունից:
Ընդ որում, հոտառության և համի բացակայության կամ փոփոխության մասին նշել են հարցվածների համապատասխանաբար միայն 1,6% և 1%-ը։
Նշենք, որ այս հետազոտությունն անցկացվել է 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հուլիս:
Հավելենք, որ Ճապոնիայում կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր շուրջ 8,02 մլն վարակման դեպք է հայտնաբերվել: Այդ ընթացքում երկրում մահացել է 29 հազարից ավելի մարդ։