ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. «Հանրապետական» մարզադաշտում «Նորավանքը», 2։0 հաղթելով «Ուրարտուին», իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։
«Նորավանքը» Հայաստանի գավաթակիրն է
© Sputnik / Aram Nersesyan
Ընդհանրապես գավաթային հանդիպումներն իրենց ընթացքով ու հոգեբանությամբ միշտ էլ տարբերվում են Պրեմիեր լիգայի հանդիպումներից։ Իսկ գավաթի եզրափակիչ խաղը իրոք լրիվ այլ հոգեբանություն է։ Հաշվի առնելով, որ մեկ խաղում հաղթանակով նախ տիտղոս, հետո էլ եվրոպական մրցասպարեզ են ապահովում թիմին, պարզ է, որ «Նորավանքն» ու «Ուրարտուն» զգուշություն կարող էին դրսևորել։ Ֆուտբոլիստների գործողություններն ավելի բարդացան առաջին կեսի առաջին 20 րոպեների ընթացքում, երբ խաղն ընթանում էր հորդառատ անձրևի ներքո։
«Նորավանք» - «Ուրարտու» հանդիպումը. Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկություն
© Sputnik / Aram Nersesyan
Իհարկե զգուշություն կար, բայց թիմերն ավելի շատ անսպասելի տեմպ էին հաղորդում հանդիպմանը, քան զգուշանում։ Մինչև ընդմիջում երկու կողմերն էլ վտանգավոր կամ գոլային պահեր ստեղծեցին։ Լարվածությունը զգացվում էր ու գնալով բարձրանում էր։ «Ուրարտուի» դարպասի գրավումը նույնպես լրացուցիչ լարվածություն հաղորդեց կողմերի գործողություններին, ինչն էլ արտահայտվեց երկու կողմերի մարզիչների փոքրիկ վիճաբանությամբ։
«Նորավանքը» Հայաստանի գավաթակիրն է
© Sputnik / Aram Nersesyan
Բայց ամեն ինչ արագ հարթվեց, ու խաղը շարունակվեց, սակայն արդեն ոչ հավասար պայմաններում։ «Նորավանքը» առջևում էր Թեմուր Մուստաֆինի արդյունավետ հարվածից հետո։
«Նորավանք» - «Ուրարտու» հանդիպումը. Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկություն
© Sputnik / Aram Nersesyan
Երկրորդ խաղակեսում «Ուրարտուն» անհամեմատ ակտիվ էր, ու վտանգավոր գրոհներն ու հարվածները «Նորավանքի» դարպասի ուղղությամբ գնալով հաճախակի էին դառնում։ Ճնշումը մրցակցի դարպասին մեծացնելով` «Ուրարտուի» ֆուտբոլիստները զգալի տարածքային ու խաղային առավելություն ունեին։ Բայց գնդակը հայտնվեց գրոհող թիմի դարպասում։
«Նորավանք» - «Ուրարտու» հանդիպումը. Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկություն
© Sputnik / Aram Nersesyan
Բաբու Չամ – Տենտոն Յենե երկքայլ կոմբինացիան ավարտվեց վերջինիս դիպուկ հարվածով, ու խաղի հիմնական ժամանակի ավարտից 14 րոպե առաջ, կրկնապատկելով իր առավելությունը, «Նորավանքը» իր համար պատմական արդյունք գրանցելու իրական հնարավորություն ստացավ։
«Ուրարտուի» բոլոր ջանքերը հաշիվը կրճատելու, հետո էլ պարտությունից խուսափելու համար ապարդյուն էին։ «Նորավանքը» նվաճեց Հայաստանի ֆուտբոլի գավաթը։
«Նորավանք» - «Ուրարտու» հանդիպումը. Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկություն
© Sputnik / Aram Nersesyan