ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ ՀՅԴ կուսակցության անդամները 2021թ. անցկացված ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք են տվել և ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ՝ խուզարկություններ են արվել որպես մեղադրյալ ներգրավված անձանց բնակության վայրերում:
«Կատարված խուզարկությամբ 2022թ. մայիսի 6-ին ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք բովանդակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 154.9-րդ հոդվածի (Ընտրակաշառքի միջնորդությունը) 1-ին մասով:
Ըստ քրեական գործի նյութերի` նոթատետրերի զննությամբ պարզվել է, որ դրանցում ձեռագիր նշումներ կան 2021թ. անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների և ՏԻՄ ընտրությունների ժամանակահատվածում ՀՅԴ գերագույն մարմնից, ՀՅԴ մարզային կառույցից ու դրա նախընտրական շտաբից հատկացված դրամական միջոցների վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ նշումների՝ ԱԺ ընտրությունների ժամանակ շուրջ 6.470.000 ՀՀ դրամ է բաշխվել, իսկ ՏԻՄ ընտրությունների ընթացքում՝ շուրջ 3.513.000 ՀՀ դրամ։
«ՀՀ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու մասին են փաստում, մասնավորապես, նոթատետրերում տարբեր անձանց տվյալների դիմաց կատարված` «ՀԱՏԿԱՑՈՒՄ ԳՄ-ից», «ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՄԿ-ից» և «ՀԱՏԿԱՑՈՒՄ ՇՏԱԲԻՑ» ձեռագիր գրառումներն ու ընտրակաշառք տալու և ստանալու հաշվարկները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավվել են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները: Խուզարկություններ են կատարվել ՀՅԴ կուսակցության Արմավիրի մարզի մի շարք գրասենյակներում, ինչպես նաև մարզային կառույցի տասնյակից ավելի անդամների, այդ թվում` գրասենյակների համակարգողների և նախընտրական քարոզարշավներում ակտիվ մասնակցություն ունեցած անձանց բնակարաններում: Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ հայտնաբերվել և առգրավվել են տարբեր ցուցակներ, այդ թվում` գումարային նշումներով: Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ այսօր քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Արմավիրի մարզի երկու բնակիչներ կալանավորվել են՝ ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու մեղադրանքով։ Կալանավորված քաղաքացիները ՀՅԴ անդամներ են։
Մայիսի 7-ին ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն տարածեց այն մասին, որ խուզարկություն է արվել Արմավիրի մարզային գրասենյակում։
ՀՅԴ ԳՄ տարածած հայտարարության մեջ կատարվածը բնորոշվում է որպես «ահաբեկչություն, մարդաորսություն», որով, սակայն հնարավոր չի լինելու «կասեցնել մեր պետականության համար մղվող աննահանջ պայքարը»։ Նշվում է նաև, որ ընդվզումը կասեցնելու և բողոքի համազգային ձայնը խլացնելու նպատակով՝ «ողջ իրավապահ համակարգը լծվել է մեկ անձի և նրա ռեժիմի բիրտ պաշտպանությանը»։