Գագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսի առանձնատան բռնագանձման պահանջը կբողոքարկվի

Գագիկ Խաչատրյան. Արխիվային լուսանկար
Փաստաբանական խումբն այս գործընթացը որակել է որպես «բիզնեսմենների ազատ տնտեսական գործունեությունը խոչընդոտելու հերթական դեպք»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան բռնագանձման պահանջը կվիճարկվի դատարանում։ Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խախտվել է ազատ տնտեսական գործունեության սահմանափակման օրինականությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կենտրոնական շրջանի դատարան հայցադիմում է ներկայացվել Լոս Անջելեսի Հոմբի Հիլզ թաղամասում Խաչատրյաններին պատկանող կոմերցիոն նշանակության անշարժ գույքի բռնագանձման պահանջով:
Խաչատրյանների փաստաբանական խումբն այս գործընթացը որակել է որպես բիզնեսմենների ազատ տնտեսական գործունեությունը խոչընդոտելու հերթական դեպք։ Շեշտվում է, որ այն իրականացվում է առանց հաստատող որևէ հիմնավոր ապացույցի։

«Առկա են բոլոր իրավական հիմքերը՝ հայցադիմումի օրինականությունը վիճարկելու օրենքով սահմանված բոլոր ատյաններում, ինչի ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են միջոցներ»,- նշված է հայտարարության մեջ։

Խաչատրյաններն անշարժ գույքի զարգացման ոլորտում մի քանի միջազգային գործարք են իրականացրել։ Փաստաբանական խումբն ընդգծում է, որ այդ գործարքները միշտ համապատասխանել են բոլոր օրենսդրական պահանջներին:
«Այս անօրինական և ուղղորդված գործընթացների մասին բազմիցս հրապարակային պարզաբանումներ տրվել են և դրանք վիճարկվում են նաև Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում արդարության հաստատման համար»,- ասված է հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ Խաչատրյաններն ու նրանց կողմից հիմնադրված տնտեսական միավորներն ապահովում են կայուն բիզնես շարունակականությունը` թույլ չտալով գործունեության խաթարման և հեղինակության արատավորման որևէ դեպք:
Գործընթացի բողոքարկման հարցով հայտարարությամբ հանդես կգա նաև ԱՄՆ փաստաբանական խումբը։
Գագիկ Խաչատրյանն էլ գրավի դիմաց ազատ արձակվեց