ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը քիչ առաջ դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ֊–ից, գրում է «Փաստինֆոն»։ Դատավորին ՔԿՀ֊–ում դիմավորել են փաստաբաններ, դատավորներ։
Հայտնել էինք` դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման ժամկետը չի երկարացվել և, ըստ այդմ, դատավորն այսօր ազատ է արձակվել։
ՔԿՀ–֊ից դուրս գալուց հետո Բորիս Բախշիյանը լրագրողների հետ զրույցում իր նկատմամբ հետապնդումը որակեց որպես դատավորի իր գործունեությանը միջամտություն, ընդ որում՝ բիրտ։
«Իմ կայացրած դատական ակտում մանրամասն հիմնավորումներ եմ ներկայացրել, այժմ էլ պնդում եմ՝ իր դատական ակտն օրինական է, իրավացի, հիմնավոր։ Ինչ մտածել եմ` շարադրել եմ այդ դատական ակտի մեջ»,–ասաց դատավորը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է փետրվարի 7-ին։ Դրանից հետո պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի խափանման միջոց կալանքը փոխվեր։
Բախշիյանը Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հարուցված քրգործի շրջանակում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 16-ին մերժել էր Բորիս Բախշիյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը։
Բախշիյանի կալանքը մարտի 30-ին դատարանի որոշմամբ երկարացվել էր ևս 1 ամսով։