Ռուսական ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում Իզյումի օդում «Տոչկա-Ու»-ի 3 հրթիռ է խոցել․ ՊՆ ամփոփագիրը

Գեներալը նշել է, որ ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում նաև 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցներն անցած գիշեր Խարկովի մարզի Իզյում քաղաքում ուկրաինական «Տոչկա-Ու»-ի 3 հրթիռ ու «Սմերչ» համազարկային հրթիռային համալիրի 9 արկ են խոցել: Տեղեկությունըճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Գեներալի տվյալներով՝ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում խոցել են նաև 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Նիկոլաևսկի մարզի Բերեզովսկի, Դոնեցկի Սիգնալնոյե, Լուգանսկոյե, Կրասնոգորովկա, Յասինովատոյե ու Զուգրես, Խերսոնի մարզի Օլգինո, Խարկովի մարզի Չերնեշչինի բնակավայրերի շրջաններում:
Կոնաշենկովը նշել է, որ օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիայով գիշերվա ընթացքում խոցել են Ուկրաինայի 18 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ կառավարման 2 կետ Խարկովի մարզի Սկովորոդնիկովո շրջանում, անձնակազմի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 5 շրջան, զինամթերքի և վառելիքի 3 պահեստ Օդեսայի մարզի Դաչնոյե բնակավայրի շրջանում:
«Խարկովի մարզի Բոգոդուխովի երկաթուղային կայարանի շրջանում ոչնչացվել է ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից ստացված ռազմական տեխնիկայի խոշոր կուտակումը։ Հարվածների հետևանքով ոչնչացվել է մինչև 280 ազգայնական, շարքից հանվել է 48 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա», - ասել է գեներալը։
Կոնաշենկովն ավելացրել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով խոցվել է կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 5 շրջան, ինչպես նաև զինամթերքի պահեստը Կիևի վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի Արտեմովսկ քաղաքի շրջանում:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հատուկ գործողության ընթացքում արդեն շուրջ 300 ուկրաինական զենիթահրթիռային համալիրներ են ոչնչացվել:
Ընդհանուր առմամբ` հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 152 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 762 անօդաչու թռչող սարք, 295 զենիթային հրթիռային համալիր, 2895 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, 333 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանք, դաշտային հրետանու ու ականանետի 1364 միավոր, ինչպես նաև 2716 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 73-րդ օրը։