ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ընդդիմության կողմից ավտոճանապարհը փակելու նախաձեռնության ընթացքում վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առթիվ։
ՔԿ–ից տեղեկանում ենք, որ Զոլաքարի վարչական ղեկավարը հաղորդում է տվել մայիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Երանոս գյուղի մոտ իր համագյուղացու և վերջինիս եղբոր հետ վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ:
Պարզվել է, որ մայիսի 5-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Մարտունի-Սևան ավտոճանապարհի Երանոս բնակավայրի հատվածում մի խումբ քաղաքացիներ փակել են ավտոճանապարհը: Զոլաքարի վարչական ղեկավարը, որը պետք է Երևան մեկներ հարազատներին դիմավորելու համար, պահանջել ճանապարհը բացել, որի շուրջ էլ վեճի է բռնվել համագյուղացու հետ։
Ըստ ՔԿ–ի` վեճն ուղեկցվել է ծայրահեղ անպարկեշտ վիրավորանքներով ու հայհոյանքներով: Վեճին միջամտել է նաև հիշյալ գյուղացու եղբայրը, որը գլխով հարվածել է վարչական ղեկավարի դեմքին՝ պատճառելով «քթոսկրի սալջարդ»:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը) և 137.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ծանր վիրավորանքը)։
Հավելենք, որ Զոլաքար համայնքի ղեկավարի ԺՊ-ն Հրայր Մարգարյանն է։