ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Երեկ վաղ առավոտյան բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատու անձինք, խուզարկվել է ՀՅԴ Արմավիրի գրասենյակը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը։
«Հայտարարում ենք՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կառույցն իր ողջ համահայկական ներուժով «Դիմադրություն» շարժման առաջին շարքերում է։ Ապօրինի գործողություններով, ահաբեկչությամբ և մարդաորսությամբ չե՛ք հաջողի կասեցնել մեր պետականության համար մղվող աննահանջ պայքարը»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ընդվզումը կասեցնելու և բողոքի համազգային ձայնը խլացնելու նպատակով՝ «ողջ իրավապահ համակարգը լծվել է մեկ անձի և նրա ռեժիմի բիրտ պաշտպանությանը»։
Այս օրերին իրավապահ համակարգի կողմից համատարած են ՀՀ քաղաքացիների անհնազանդության խաղաղ ակցիաների նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունները, բիրտ ուժի կիրառումը։
Այս ամենը, ինչպես նշված է ԳՄ-ի հայտարարության մեջ, ուղղված է հանրության մեջ վախի և ահաբեկության մթնոլորտ սերմանելուն։
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։