ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Եվրամիությունը փորձում է փրկել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրի շուրջ բանակցությունները, որոնք դադարեցվել են այն պատճառով, որ ԱՄՆ-ն հրաժարվում է հանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ տեղեկությունը Financial Times թերթին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Մարտին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ ԱՄՆ վարչակազմը կարող է խստացնել ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու վերաբերյալ դիրքորոշումը՝ առաջ քաշված պահանջների հետ Թեհրանի անհամաձայնության պատճառով: Նշվում էր, որ ԻՀՊԿ-ի հարցով փոխզիջում գտնելու` ԱՄՆ-ի ու Իրանի անկարողությունը կարող է բանակցությունների ձախողման հանգեցնել:
Բորելը թերթին տված հարցազրույցում ասել է, որ ԵՄ-ն «միջին տարբերակ» է փնտրում հարցի համապատասխան լուծում գտնելու համար: Նրա խոսքով՝ Թեհրանը «շատ է դիմադրում» այդ հարցի շուրջ բանակցություններին Եվրամիության կողմից միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններում համակարգող Էնրիկե Մորայի հետ: Նա այդ փորձը «վերջին գնդակ» է անվանել։
Բորելը նշել է, որ դիտարկվում է մի սցենար, որի դեպքում ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից կհանվի, սակայն կորպուսի «մյուս ստորաբաժանումները» դեռ ահաբեկչական կհամարվեն:
«Ինչ-որ պահի պետք է որպես Վիեննայի բանակցությունների համակարգող ասեմ, որ ես այդ առաջարկը քննարկման եմ բերում։ Մենք չենք կարող հավերժ նույն ոգով շարունակել, քանի որ այդ ընթացքում Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը», - ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Պարբերականը նշում է, որ ԵՄ-ն իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունները փրկելու ու փակուղուց դուրս գալու վերջին հուսահատ փորձն է ձեռնարկում, որը պայմանավորված է Վաշինգտոնին ուղղված Թեհրանի պահանջով` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ահաբեկչական կազմակերպության կարգավիճակը հանելու մասին:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին` Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր, որը պատժամիջոցների չեղարկում էր ենթադրում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։
2018 թվականի մայիսին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց դուրս գալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից և վերականգնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում փուլ առ փուլ իր պարտավորությունների կրճատման մասին` հրաժարվելով սահմանափակումներից միջուկային ուսումնասիրությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի հարցում։