Արթուր Խաչատրյանը ԵԽ փոխնախագահին հայտնել է ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելու մասին

Ստրասբուրգ և Բրյուսել կատարած այցի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը ներկայացրել է ընդդիմության մոտեցումներն Արցախի հարցի լուծման վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը Եվրախորհրդարանի փոխնախագահ Էվա Քայլիին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը` հավելելով, որ հանձնախմբի նախաձեռնությամբ մայիսի 2-6–ը կայացել է Խաչատրյանի այցը Ստրասբուրգ և Բրյուսել։
«Խաչատրյանը ներկայացրել է ընդդիմության մոտեցումներն Արցախի հարցի լուծման վերաբերյալ՝ կարևորելով Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հարգումը և Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակի բացառումը։ Խաչատրյանը նաև զրուցակիցներին ներկայացրել և վերջին զարգացումները՝ բարձրաձայնելով ցուցարարների և ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման հարցը»,–գրված է հաղորդագրության մեջ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև Արցախի հիմնախնդիրը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց քաղաքականությունը, Արցախում չդադարող ռազմական սադրանքները։
Եղել են անհամաչափ ուժի կիրառությամբ բերման ենթարկելու դեպքեր. ՄԻՊ
Արթուր Խաչատրյանը զրուցակիցներին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումների մասին։ Առանձնակի ուշադրություն է դարձվել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին։