ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Անկախ փաստաբանները ստեղծել են ոստիկանների քայլերը կանխող աշխատանքային խումբ։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Ոստիկանության որոշ ծառայողներ ակնհայտ ապօրինի ֆիզիկական ուժ են գործադրում (երբեմն էլ առանձնակի դաժանությամբ) խաղաղ բողոքի ակցիաներին մասնակցող և նույնիսկ չմասնակցող քաղաքացիների նկատմամբ։ Ընդ որում, վայրագության և ապօրինության թիրախում են հայտնվում նաև փաստաբանները և լրագրողները։ Այս վայրագությունները կանխելու նպատակով անկախ փաստաբաններով ստեղծել ենք ոստիկանների վայրագությունները կանխող աշխատախումբ»,–գրել է Զոհրաբյանը։
Նա նշել է, որ աշխատախումբը հավաքելու է ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման (վայրագությունների, ապօրինությունների) մասին տեղեկությունները և դրանց համապատասխան իրավական ընթացք է տալու։
Զոհրաբյանը կոչ է արել փաստաբաններին միանալ իրենց, իսկ ոստիկանների վայրագությունների և ապօրինությունների մասին տեղեկություն պարունակող նյութերն ուղարկել ara.zohrabyan@gmail.com էլեկտրոնային հասցեով։
Զոհրաբյանը հավելել է, որ ոստիկանների վարքագծի անմիջական պատասխանատուն ոստիկանապետ Վահե Ղազարյանն է։