ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Կրակոցները սկսել են երեկ երեկոյից։ Կրակոցների հետևանքով մեր աշխատակիցներից մեկը վիրավորվել է։ Նա մեր հորատողն է»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` տղամարդը վիրավորվելէ ձախ ձեռքի կողմից` սրտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածք չունի։ Այժմ վիրավորը հիվանդանոցում է, բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում։
Գրիգորյանը հայտնեց նաև, որ անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթքի հանքավայրի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է` աշխատակիցները տարհանվել են։