ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ընդդիմության ակցիայի մասնակիցներից մեկը երթի ժամանակ հարվածել է ոստիկանի դեմքին, ինչի համար ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` մայիսի 3-ին` ժամը 10:00-ի սահմանում, Երևանի Սարյան փողոցում ոստիկանն ընդդիմության երթի մասնակիցներին ներկայացրել է երթևեկելի գոտին ազատելու պահանջ։ Դրանից հետո երթի մասնակիցներից մեկը ձեռքով հարվածել է ոստիկանության ծառայողի դեմքին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:
Վերջինս ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։