ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Վերին Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետով անցնող Վրաստան-Ռուսաստան ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Ձյան պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այժմ ՌԴ-ում և Վրաստանում աշխատանքներ են ընթանում «Վերին Լարս» անցակետի խնդիրները լուծելու համար, որոնք առաջանում են հիմնականում ձմռանը։
Հարցը կլուծվի Վրաստանի և Ռուսաստանի տարածքներում երկու խոշոր նախագծերի շինարարության ավարտից հետո: 2023 թվականին տրանսպորտային խոշոր հանգույց կկառուցվի Վլադիկավկազին հարող տարածքում, մինչև 2024 թվականը Վրաստանը կավարտի Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի կառուցումը: