ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն առանց ընդդիմության մասնակցության այսօր քննարկեց ու ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ՔՊ–ի առաջարկած հերթական փոփոխությունը։
Նոր կարգավորումներով իշխող ուժը վերացրեց օրենքով նախատեսված այն սահմանափակումը, որն արգելում էր համայնքի ավագանու անդամին միաժամանակ լինել համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կամ վարչական ղեկավար։
Ընդ որում` օրենքի փոփոխությունն արվեց ԱԺ հատուկ նիստում հատուկ ընթացակարգով, այսինքն` օրինագծի երկու ընթերցմամբ քվեարկությունն իրականացվեց 24 ժամում։
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը նիստին այսօր ևս չէր մասնակցում։
Հիշեցնենք` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում մեկ այլ լրացում, դարձյալ ՔՊ–ի առաջարկով, ընդունվել էր ապրիլի 1-ին, դարձյալ արտահերթ նիստում։
Այդ փոփոխությամբ ՀՀ վարչապետին իրավունք է տրվել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել այն դեպքում, եթե նորընտիր ավագանին համայնքի ղեկավարի ընտրություն չի իրականացնում օրենքով նախատեսված 20 օրվա ընթացքում։