ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամները կարճ ժամանակով փակել էին Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց խաչմերուկը։
Երթևեկությունը կաթվածահար եղավ, ոստիկաններն այդ ընթացքում ընդհարվեցին բողոքի ակցիայի մասնակիցների հետ։
Նշենք, որ շարժմումն այդ հատվածում երթ է իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ։
«Պարոնայք ոստիկաննե՛ր, դուք սադրիչներ եք, շիշ չշպրտե՛ք։ Պահանջում ենք չսադրե՛լ, ոստիկաննե՛ր»,- ասաց Մանուկյանը։
Բոլորը սկսեցին վանկարկել «առանց Նիկոլ, Հայաստան», «Արցախ` այո՛, Հայաստան` այո՛, Նիկոլ` ո՛չ», իսկ քաղաքացիները պատշգամբներից ողջունում էին ակցիայի մասնակիցներին։
Ցուցարարները որոշ ժամանակ անց խաչմերուկը բացեցին և շարժվեցին Փափազյան փողոցով։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։