ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու և խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ապրիլի 29-ին՝ ժամը 06:30-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում քաղաքացին, Փաշինյանի հանրային գործունեությամբ պայմանավորված, նրա հասցեին հայհոյանքներ է հնչեցրել:
Այնուհետև ոստիկանության Արաբկիրի բաժինը հաղորդում է ստացել, որ նույն օրը` ժամը 06:48-ին, նույն անձը վնասել է Երևանում գործող սրճարանի պատուհանի ապակիները, ալյումինե հատվածները և գովազդային պաստառները:
Դեպքերի առթիվ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծանր վիրավորանք, որ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված) և 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն) հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:
Կատարվում է նախաքննություն: Միջոցառումներ են ձեռնարկվում են ենթադրյալ հանցագործությունները կատարած անձին հայտնաբերելու համար։
Հիշեցնենք` փետրվարի 3-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում քաղաքացին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար տուգանվել է 500 հազար դրամով։