ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին թրաֆիքինգի ենթարկող անձը՝ մնալով ազատության մեջ, փորձել է կաշառել շահագործման ենթարկվածներին։ Նրան կալանավորելու միջնորդությունը մերժած դատավորը կարող է պատասխանատվության ենթարկվել։
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին՝ կալանքի միջնորդությունը մերժած դատավորին նյութական և դատավարական օրենքի կոպիտ խախտումներ կատարելու հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։
Դատախազությունը նաև հայտնում է, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի նախկին բնակիչ, հետագայում ՌԴ-ում հաստատված և այնտեղ գործունեություն ծավալած Կ.Գ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ ՀՀ-ում բնակվող եղբոր օգնությամբ Հայաստանում հավաքագրել է 6 քաղաքացիների, նրանց տեղափոխել ՌԴ ու այնտեղ ենթարկել աշխատանքային շահագործման՝ թրաֆիքինգի: Մեկ քաղաքացու սպառնացել է կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառել։
2021 հուլիսի 7-ին թրաֆիքինգի ենթարկված քաղաքացիներից մեկը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ Կ.Գ.-ի եղբայրն առաջարկել է վճարել իրեն ժամանակին չվճարված 180 000 ՌԴ ռուբլին, եթե ինքը հրաժարվի իր բողոքից, ինչին ինքը չի համաձայնել: Վերոնշյալը քաղաքացին վերահաստատել է 08.12.2021թ. որպես տուժող տված իր ցուցմունքով:
Քրեական գործում առկա են նաև տվյալներ այն մասին, որ մեղադրյալը՝ տեղեկանալով ՀՀ-ում իր դեմ հաղորդում ներկայացվելու մասին, հաղորդում տված անձի՝ իր մոտ ՌԴ-ում գտնվող 2 հարազատներին ստիպել է նոտարական վավերացմամբ փոխառության պայմանագիր կնքել իր հետ՝ հորինված 500.000 ՌԴ ռուբլի պարտքով տրամադրելու վերաբերյալ՝ խոստանալով այն պատռել Հայաստանում իրավապահ մարմիններին ներկայացված բողոքից հրաժարվելու դեպքում: Բացի այդ, նրա պահանջով այդ անձինք, բռնության ենթարկվելու մտավախությունից ելնելով, գրել են ստացականներ աշխատավարձներն ամբողջությամբ ստանալու վերաբերյալ: Այսինքն, քրեական գործով արդեն իսկ առկա են եղել փաստական տվյալներ մեղադրյալի կողմից տուժողների, վկաների վրա անօրինական ազդեցության գործադրման մասին:
2021թ. դեկտեմբերի 9-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ Կ. Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Սակայն դատարանի 2021թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ այն մերժվել է:
Նույն օրը մեղադրյալ Կ. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Ընդ որում, դատարանը մերժումը հիմնավորել է նրանով, որ մեղադրյալի` ազատության մեջ գտնվելու դեպքում չթույլատրված արարք կատարելու հնարավորության վերաբերյալ քննիչի հետևությունները զուտ ենթադրություններ են և փաստարկված չեն քրեական գործով ձեռք բերված տվյալներով:
2022թ-ին արդեն Կ.Գ.-ին հնարավոր չի եղել հայտնաբերել, իսկ 29.03.2022թ. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Պարզվել է, որ մեղադրյալն ապօրինի լքել է ՀՀ պետական սահմանը։ Նա 2022թ. ապրիլի 18-ին հայտնաբերվել է ՌԴ-ում և վերցվել արգելանքի։