Միրզոյանը Բոբ Մենենդեսին ներկայացրել է Արցախում առկա հումանիտար իրավիճակը

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի և հանձնաժողովի անդամ, սենատոր Ջիմ Ռիչի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի և հանձնաժողովի անդամ, սենատոր Ջիմ Ռիչի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Արցախի անվտանգությանը և տարածաշրջանային իրադրությանը վերաբերող մի շարք հարցերի։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը, հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը և խոսել Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիության մասին։
Ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները։
Կողմերը գոհունակությամբ են նշել հայ-ամերիկյան 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումները։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական ոլորտի զարգացմանը ԱՄՆ կողմից ցուցաբերված աջակցության կարևորությունը, ինչպես նաև անդրադարձել այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությանը։
Սենատոր Բոբ Մենենդեսը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին
Միրզոյանը բարձր է գնահատել Բոբ Մենենդեսի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման գործում։
Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին է փոխանցել Բարեկամության շքանշանը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։