ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինայի վերաբերյալ միաձայն հայտարարություն է ընդունել

ՄԱԿ-ի ԱԽ նիստ
Անվտանգության խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում՝ Ուկրաինայում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱ, 6 մայիսի – Sputnik. ՌԴ ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ուկրաինայի վերաբերյալ միաձայն հայտարարություն է ընդունել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես կհամարեմ, որ ԱԽ անդամները համաձայն են այս հայտարարությանը, որը կհրապարակվի որպես Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի տեղակալ Ռիչարդ Միլսը (մայիսին ԱՄՆ-ն է նախագահում ՄԱԿ-ի ԱԽ-ն)։
Ըստ հայտարարության` Անվտանգության խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում՝ Ուկրաինայում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար, և հիշեցնում, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն` բոլոր անդամ պետությունները միջազգային վեճերը խաղաղ միջոցներով լուծելու պարտավորություն են ստանձնել։
«Անվտանգության խորհուրդն իր աջակցությունն է հայտնում գլխավոր քարտուղարի՝ խաղաղ լուծում գտնելու ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 72-րդ օրը։