Կմիավորվեն գիտությունը, արվեստն ու երաժշտությունը. ՀՀ-ում կանցկացվի STARMUS փառատոնը

STARMUS-ը Հայաստանում անցկացվելու է առաջին անգամ, իսկ մինչ այդ 5 անգամ իրականացվել է եվրոպական տարբեր երկրներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանում մի քանի ամսից իրականացվելիք STARMUS միջազգային փառատոնը հնարավորություն է ընձեռելու երկրում խթանելու գիտության և արվեստի զարգացումը։
Այս մասին փառատոնի անցկացմանը նվիրված ասուլիսում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Նա շեշտեց, որ մեծ պատիվ է 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում հյուրընկալել STARMUS փառատոնը։
«Ակնկալում ենք առանձնահատուկ և նշանավոր համագումարների ու գիտաժողովների շարք։ Լինելու են բազմաբնույթ ու տպավորիչ միջոցառումներ, որոնք կմիավորեն գիտությունը, արվեստն ու երաժշտությունը։ Փառատոնն իր յուրահատկությամբ հնարավորություն կընձեռի նաև խթանելու գիտության և արվեստի զարգացումը Հայաստանում, ինչպես նաև ստեղծելու հզոր գիտական համայնք` համատեղելով տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող արդյունաբերությունը, ուսումնական կենտրոններն ու գիտական հաստատությունները»,- նշեց Դումանյանը։
Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծեց, որ Հայաստանում STARMUS VI-ի անցկացումը փաստում է, որ երկիրը գիտության, տեխնոլոգիաների, երաժշտության և արվեստի բնագավառում կարևոր դերակատարություն է ունեցել։

«Այսօր էլ վստահաբար կարող եմ ասել, որ մեր երիտասարդությունն իր ներուժով նոր խոսք և ասելիք կբերի գիտության և տեխնոլոգիաների ոլորտ։ STARMUS-ի անցկացումն իրոք մեծ իրադարձություն է, և պետք է այդ ամենից կարողանանք առավելագույն արդյունքներ քաղել»,- նշեց Խաչատրյանը։

Աստղաֆիզիկոս, STARMUS–ի հեղինակ և հիմնական կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը ներկայացրեց, որ նման փառատոն ստեղծելու միտքը եղել է «Քուին» խմբի կիթառահար Բրայան Մեյինը, որը նաև աստղաֆիզիկոս է։
«Փառատոնը ստեղծելու համար 10 տարի մեզ պահանջվեց` 1998-ից 2009 թվական։ Մեր փառատոնի նպատակը երիտասարդներին ոգեշնչելն է, որպեսզի նրանք հստակ գիտակցեն, որ գիտությունը շատ կարևոր է, ու առանց դրա մարդկությունն իրապես գոյություն չի կարող ունենալ»,- նշեց Իսրայելյանը։
Նա ընդգծեց` նկատել է, որ հայ երիտասարդները կրթվելու մեծ ձիրք ունեն, ինչպես նաև հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով։
Փառատոնին մասնակցելու են նոբելյան 8 մրցանակակիրներ՝ կենսաքիմիկոս Թիմ Հանթը, աստղակենսաբան Դևիդ Բրիսբանը, տիեզերագնաց Քրիս Հաթֆիլդը և այլք։ Կլինեն նաև ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, դաշնակահար Տիգրան Համասյանը, երաժիշտ Ռիք Ուեյքմենը, Sons of Apollo ռոք խումբը։
Նշենք, որ փառատոնը հիմնադրվել է 2009 թվականին։ STARMUS-ը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությամբ 2019 թվականին հանդես է եկել ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։
Նշենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ, կազմակերպվում է «50 տարի Մարսի վրա» խորագրով։