ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Սկանդալային երգչուհի Մադոննան հրապարակավ դիմել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և առաջարկել հանդիպել` քննարկելու իր կարգավիճակը, որը նրան անարդարացի է թվում։
«Ես բարեպաշտ կաթոլիկ եմ, երդվում եմ․․․այսինքն՝ չեմ երդվում․․․ իմ վերջին խոստովանությունից հետո մի քանի տասնամյակ է անցել։ Հնարավոր կլինի՞ մի օր հանդիպել և որոշ կարևոր թեմաներ քննարկել։ Ինձ երեք անգամ բանադրել են, դա ինձ անարդար է թվում։ Հարգանքներով՝ Մադոննա»,-գրել է երգչուհին Twitter-ում։
Հիշեցնենք, որ եկեղեցու հետ Մադոննայի կոնֆլիկտը շատ երկար պատմություն ունի։ Իր կարիերայի ընթացքում երգչուհին բազմիցս հանրության դժգոհությունն է առաջացրել։ Օրինակ՝ 1989թ․-ին հրապարակված Like a Prayer տեսահոլովակում օգտագործված են կադրեր, որտեղ երևում են վառվող խաչելություններ և Քրիստոսի դերը կատարող սևամորթ երիտասարդ։
2006 թվականին կաթոլիկ հոգևորականության սուր քննադատության արժանացավ Love to tell երգի բեմադրությունը։ Երգը նվիրված է ՁԻԱՀ-ի աֆրիկացի զոհերին։
Փոփ-աստղը երգը կատարում էր փշե պսակը գլխին, խաչին «գամված»։ Կարդինալ Անջելո Սոդանոն այդ տեսարանն անվանել էր «սրբապիղծ խեղաթյուրում» և «մեր ժամանակներում տիրող մակերեսայնության խորհրդանիշ»։
Բացի այդ, կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ երգչուհին որպես բեմական կեղծանուն ընտրել է Տիրամոր անունը։