ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու գործով նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը կնքելուց հետո, Ա.Ղ.-ն, իրականացնելով ՊԲ N զորամասի տանկային աշտարակների գումարտակի հրամանատարի պարտականությունները, 2020-ի դեկտեմբերի 12-ին ստացած հրամանի համաձայն՝ իր ենթակա անձնակազմի հետ տեղակայվել է Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի խաչմերուկում գտնվող տեղամասում:
Հաջորդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, նշված տեղամասում հակառակորդի զինված ուժերի ներկայացուցիչները հրամանատարին պահանջ են ներկայացրել ենթակա անձնակազմի հետ մինչև ժամը 17։00-ն լքել բոլոր մարտական հենակետերը։ Այդ մասին վերջինս զեկուցել է վերադաս հրամանատարությանը, որին ի պատասխան հրաման է ստացել իր ենթակա գումարտակի անձնակազմի հետ անցնել շրջանաձև պաշտպանության, իրականացնել իրենց պահպանությանը հանձնված մարտական դիրքերի պաշտպանությունը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը։
Սակայն Ա.Ղ.-ն դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, տեղեկանալով հակառակորդի հնարավոր հարձակման մասին, չի կատարել հրամանը, փոխարենը անձնակազմին հրաման է տվել թողնել մարտական դիրքերը և նահանջել զբաղեցրած բնագծի տարածքից:
Նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, գումարտակի շտաբի պետն ինքնակամ լքել է մարտադաշտը և իր ենթակա դասակի անձնակազմին հրաման է տվել թողնել տեղամասում զբաղեցրած մարտական դիրքերը և նահանջել։ Սրա հետևանքով Խծաբերդ գյուղի պաշտպանության համար զբաղեցրած մարտական դիրքերը և Խծաբերդ գյուղն անցել են հակառակորդի վերահսկողության տակ։
Բացի այդ, մարտական հերթապահության մեկնելուց առաջ Ա.Ղ.-ն ստացել է գաղտնիք պարունակող՝ Խծաբերդ գյուղի տեղանքը պատկերող աշխատանքային քարտեզ, ինչպես նաև N զորամասի տանկային աշտարակների գումարտակի անձնակազմի վերաբերյալ անհատականացնող տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային կրիչ։ Սակայն նա անփույթ վերաբերմունք է դրսևորել, որի հետևանքով գաղտնիք պարունակող հիշյալ տեղեկատվությունն անցել է հակառակորդի տիրապետության տակ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով (հրամանը չկատարելը), 380-րդ հոդվածի 1-ին մասով (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) և 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։
Նախաքննությունն ավարտվել է, և քրգործն ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: