Հայաստանում շաքարի ճակնդեղի տեսակներ են փորձարկում ՌԴ և Բելառուս սերմեր առաքելու համար

Շաքարի ճակնդեղ
Սերմերի առաջին ցանքը եղել է անցյալ տարի, այս տարի փորձարկումներն ավելի մեծ տեղամասում կիրականացվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Հայաստանում սկսել են շաքարի ճակնդեղի տեսակներ փորձարկել։ Գյումրու սելեկցիոն կայանի ներկայացուցիչ Վասպուրական Մելիքյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ խոսքը ռուսական «Շչելկովո Ագրոխիմ» կոմբինատի սելեկցիայի երկու տեսակների («Բուրյա» և «Վուլկան») մասին է:
Սերմերի առաջին ցանքը եղել է դեռ անցյալ տարի, իսկ այս փորձարկումները կիրականացվեն ավելի խոշոր հատվածում՝ երկու հեկտար:

Շաքարի ճակնդեղը հաջողությամբ մշակվում էր Հայկական ԽՍՀ-ում (հիմնականում Ախուրյանի և Սպիտակի շրջաններում), հետո դրանից շաքար էին արտադրում։ Միության փլուզումից հետո արտադրությունը դադարեց։ Այսօր միայն առանձին գյուղացիներ են շաքարի ճակնդեղ աճեցնում, այն էլ՝ հիմնականում անասնակեր ստանալու համար։ Շաքարի ճակնդեղի կենտրոնացված մշակում ու սերմնաբուծություն չի իրականացվում։

Հայ և ռուս սելեկցիոներների համատեղ ծրագիրը կազմակերպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խումբը:
ԵՏՀ նախարար Արտակ Քամալյանի կարծիքով՝ նման արտադրությունը կարող է հեռանկարային դառնալ ռուսական և բելառուսական գյուղատնտեսական արդյունաբերության համար: Երկու երկրներում էլ ճակնդեղի արդյունաբերությունը շատ հաջող է զարգանում, ու իսկապես սերմերի կարիք կա:

«Հայաստանում կլիմայական պայմանները բարենպաստ են բարձր որակի շաքարի ճակնդեղի սերմեր ստանալու համար։ Նույնը կարելի է ասել Ղրղզստանի մասին։ Դրա համար էլ այս երկու երկրներում նպատակահարմար է սերմերի ներմուծման փոխարինող արտադրություն հաստատել»,- պարզաբանեց Քամալյանը։

Փորձարկման վերջնական արդյունքները հայտնի կլինեն միայն երկու տարի անց (քանի որ շաքարի ճակնդեղը երկամյա մշակաբույս է):
Նշենք, որ այս ծրագրի հեռանկարները Քամալյանը ներկայացրել է «Սկոլկովո» հիմնադրամի և Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության կողմից կազմակերպված «Նոր հնարավորություններ բիզնեսի համար ԵԱՏՄ-ի շրջանակում» համաժողովում: Համաժողովը տեղի է ունեցել Երևանում Ռուսական գրքի տանը։