Հայ դպրոցականներն ու ՌԴ քաղաքացիների երեխաները կմասնակցեն Գյումրու ֆուտբոլային մրցաշարին

Մրցաշարը կանցկացվի Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու ՀՀ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Մայիսի 10-ին Գյումրիում դպրոցականների ֆուտբոլային փորձնական մրցաշար կմեկնարկի: Մրցումները կանցկացվեն Ռոման Բերեզովսկու մրցանակի համար ֆուտբոլային մեծ մրցաշարի նախապատրաստման շրջանակում, որը կկազմակերպվի հաջորդ տարի:
«Դպրոցականների համար մրցաշար անցկացնելու նպատակը մեկն է` մասնագիտական լուրջ մակարդակի բարձրացնել բակային ֆուտբոլը, որից սկսել են Պելեն, Բլոխինը և Սիմոնյանը», - Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ասաց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության (Երևանում Ռուսական տուն) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:
Վադիմ Ֆեֆիլով
Նրա խոսքով՝ կներգրավվեն առաջին հերթին Գյումրու և Սյունիքի դպրոցականները, որոնց այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձվում: Երևանում Ռուսական տան ղեկավարը նաև հայտնեց, որ բացի փորձնական մրցաշարից, Ռոսսոտրուդնիչեստվոն 2023 թվականին կմասնակցի «Ֆուտբոլային աստղաթափ Հայաստանի սահմանամերձ դպրոցականների համար» մրցաշարի կազմակերպմանը։ Մրցաշարը կանցկացվի հայտնի դարպասապահ Ռոման Բերեզովսկու մրցանակի համար, նա 20 տարի շարունակ պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը:
Հայտնի դարպասապահի եղբայրը` մրցաշարի կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին, գլխավորում է ռուս հայրենակիցների «Բարության ուղի» հասարակական կազմակերպությունը, որը մրցումների համակազմակերպիչն է: Նա անդրադարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տրամադրած օգնությանը. ՀՖՖ-ն գնդակներ ու մարզական այլ պարագաներ է տվել և պրոֆեսիոնալ մրցավարներ է տրամադրելու, ինչի շնորհիվ մրցումների ընթացքում մրցավարության բարձր մակարդակ կապահովվի:
Ալեքսանդր Բերեզովսկի
Գյումրու Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևն իր հերթին հայտնեց, որ մրցումները կանցկացվեն Գյումրու Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում։ Մրցումներին կմասնակցեն Գյումրու և Վանաձորի 3 դպրոցների (նրանցից մեկը՝ ռուսական դասարաններով) 12-13 տարեկան աշակերտները և Գյումրու ռուսական 102 ռազմակայանին կից թիվ 19 դպրոցի աշակերտները:
Անտոն Բերյանև
Կազմակերպիչների խոսքով՝ մրցույթի հաղթողների և մասնակիցների համար գեղեցիկ գավաթներ և հետաքրքիր մրցանակներ են պատրաստել: Մրցաշարին անձամբ ներկա կլինի Ռոման Բերեզովսկին, որն առաջիկա օրերին Հայաստան կգա ազգային հավաքականի նախապատրաստական շրջանին մասնակցելու համար: Պատանի մարզիկներն ու երկրպագուները կկարողանան շփվել ու լուսանկարվել հայկական ֆուտբոլի լեգենդի հետ, ինքնագիր վերցնել:
Ինչու Բերեզովսկուն չհաջողվեց իրագործել «Փյունիկի» հետ կապված ծրագրերը․ բացառիկ հարցազրույց