ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այս օրերին ակցիաներ անողներին վստահեցնում է` գործի 60-70%-ն արված է, մնացել է մի փոքր հատված։ Նա այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքում։
«Ի՞նչ պետք է անենք առաջիկա օրերին։ Կենտրոն մտնող 4 ուղղություններն այսօր ձեր տրամադրության տակ էին։ Մի պահ պատկերացրեք` մեր 4 խումբը դառնում է 8, իսկ 8-ը` 12. ամբողջ քաղաքը վերցնում ենք այդ օրը։ Սա մեր առաջիկա օրերի խնդիրն է։ Մեզ համար փակ փողոց ու հրապարակ չկա»,- ասաց նա։
Այնուհետև Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա ծրագրերը։ Այսպես` մայիսի 7-ին՝ ժամը 13-ին, Վանաձորում տեղի կունենա հանրահավաք, մինչ այդ` ժամը 09։30-ին, Աշտարակի խճուղուց ավտոերթով Վանաձոր կգնան. ճանապարհին կանգառներ էլ կլինեն։
Բացի այդ, ժամը 12։00-ին Ֆրանսիայի հրապարակից երթ կմեկնարկի, որին կմասնակցեն միայն կանայք ու աղջիկները։ Այն, ըստ Սաղաթելյանի, կարևոր և խորհրդանշական է։
Իսկ երեկոյան` ժամը 18։00-20։00-ն տեղի կունենա մշակութային միջոցառում, 20։00 հանրահավաք կլինի, որին էլ կհաջորդի երթը։
Սաղաթելյանի խոսքով` քաղաքացիները ցանկություն են հայտնել ժամը 13։00-14։00-ն բարձր երաժշտությամբ շրջել Երևանում, սակայն պետք է հնչեն բացառապես երկու երգեր` «Արցախն է կանչում» և «Զարթի՛ր, լաո»։
Նշենք նաև, որ այսօր քայլերթ չի լինի. քննարկումներ են նախատեսված։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։