Գուտերեշը և ԴԺՀ իշխանությունը հայտնել են «Ազովստալից» ավելի քան 500 մարդու տարհանման մասին

Արգելափակված «Ազովստալ» կոմբինատից և հարակից տարածքներից ՄԱԿ-ի և Կարմիր խաչի համատեղ գործողությամբ ավելի քան 500 մարդ է դուրս բերվել։ ՄԱԿ-ում հույս են հայտնել, որ Մոսկվայի ու Կիևի համակարգումը կշարունակվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Մոտ 500 մարդ տարհանվել է Մարիուպոլի ռուսական զորքերի կողմից շրջափակված «Ազովստալ» կոմբինատի տարածքից: Տեղեկությունը Twitter-ում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«ՄԱԿ-ի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համատեղ գործողության ընթացքում անվտանգության ապահովման երկու շարասյուներ մոտ 500 մարդու են տարհանել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ու հարակից տարածքներից»,- գրել է Գուտերեշը:

ՄԱԿ-ի ղեկավարը հույս է հայտնել, որ Մոսկվայի ու Կիևի համակարգման շարունակումը թույլ կտա ավելացնել «հումանիտար դադարների» քանակը՝ շրջափակված գոտուց խաղաղ բնակիչների անվտանգ դուրս գալու համար:
ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբում նշել են, որ մեկ օրում Մարիուպոլից տարհանվել է 518 մարդ, այդ թվում՝ 67 երեխա: Ներկայում նրանք գտնվում են տարհանվող բնակչության աջակցման կետում, որը ձևավորելէ ԴԺՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 72-րդ օրը։