Երևանում ամբողջ օրվա ընթացքում բերման է ենթարկվել բողոքի ակցիայի մոտ 60 մասնակից

Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով են բերման ենթարկել քաղաքացիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունն ամբողջ օրվա ընթացքում տարբեր բաժիններ է տարել Երևանում բողոքի ակցիաներ իրականացրած քաղաքացիներից շուրջ 60–ին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Ժամը 18։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 59 քաղաքացի»,– նշեցին ոստիկանությունից։
Նշենք, որ ոստիկանները իրազեկման երթ իրականացնող քաղաքացիներին փողոցներից բերման էին ենթարկում բիրտ ուժ կիրառելով։
Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։